Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ղարաբաղը
 Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ղարաբաղը
11:04     20 12 2021    
Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն կիրակի քննարկել են «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի գործարկման հարցեր:

Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակներում, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների նախաձեռնած «3+3» համագործակցության ձևաչափի առաջին հանդիպման (Մոսկվայում) արդյունքները»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հետհակամարտային շրջանում տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով համագործակցության վեցակողմ ձևաչափի առաջարկով։

Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այս գաղափարը, Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ «եռյակի» տեսքով։

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ   Թուրքիա  


Լրահոս