Եթե ավելի շատ գերիներ վերադարձնենք, նրանք կձերբակալվեն Հայաստանում. Իլհամ Ալիև
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ վերադարձած հայ ռազմագերիներին կարող են կտտանքների ենթարկել իրենց հայրենիքում։
|
«Գերիներից ոմանք ձերբակալվել են Հայաստանում, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ, վերադարձողների եւ նրանց հարազատների համար։ Մենք նրանց հայրենիք վերադարձրինք, իսկ այնտեղ նրանց ձերբակալեցին։ Բացառված չէ, որ կտտանքների ենթարկեն այս մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այս մարդկանց դաժան խոշտանգումների են ենթարկվելու։ Հետեւաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, եւ դա կարելի է հաստատել», - ասել է Իլհամ Ալիեւը իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս տարվա նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքի ժամանակ ադրբեջանական կողմը գերի է վերցրել 30 հայ զինծառայողի, իսկ անցած տարվա նոյեմբերից՝ ընդհանուր առմամբ՝ մոտ 40 զինծառայողի։ «Մենք չենք թաքցնում այս թվերը։ Հայկական կողմին տրամադրվել է գերիների անունների, ազգանունների եւ ծննդյան ամսաթվերի ցուցակը։ Այսինքն՝ իրենք գիտեն այդ մասին, միջազգային կառույցներից տեղեկություններ կան, մենք դա չենք թաքցնում, քանի որ գաղտնիք չկա»։
Նրա խոսքով, Ադրբեջանը մինչ այժմ Հայաստան է վերադարձրել ավելի քան 100 ռազմագերիների։ Միաժամանակ Նախագահը հայտարարել է, որ հայ զինվորականները, որոնք հանցագործություններ են կատարել ադրբեջանական ժողովրդի դեմ, դատարանի առջեւ են կանգնել եւ դատապարտվել։
«Այսպիսով, ոչ մի միջազգային կոնվենցիայի համաձայն, այդ մարդկանց չի կարելի ռազմագերիներ համարել»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Հեշթեգներ.
Իլհամ-Ալիև
Ադրբեջան