Նախագահ. Չկա վերադարձ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանավեճերին
|
|
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, եւ չկա վերադարձ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանավեճերին։
|
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իսպանական «El Pais» պարբերականի հարցազրույցում, տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը։
«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է եւ պարզ։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք պատերազմ չենք ցանկանում։ Մենք շահել ենք պատերազմը, մենք հաղթողներ ենք, եւ այս իրողությունը պետք է հաշվի առնել։ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, չկա վերադարձ ոչ մի բանավեճի Ղարաբաղի կարգավիճակի կամ նման որեւէ բանի վերաբերյալ»,- ասել է Իլհամ Ալիեւը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հակամարտությունը լուծել է ռազմաքաղաքական միջոցներով։
Նախագահը նշել է, որ ներկայում իրավիճակը Ղարաբաղում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը, ավելի կայուն է, քան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ «Ցավոք, Հայաստանը չի հրաժարվել ռեւանշի փորձից։ Նրանց համար պարտությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում շատ ցավոտ էր»,- ընդգծել է նա։
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած թշնամական գործողությունից եւ տարածքային հավակնություններից, աշխատի խաղաղ պայմանագրի շուրջ։ «Մենք հարեւաններ ենք, եւ մեզանից ոչ ոք այլ մոլորակ չի թռչի։ Մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի եւ աստիճանաբար հող նախապատրաստենք հարաբերությունների կարգավորման, այդ թվում մարդկանց միջեւ շփումների համար։ Մենք բացահայտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան։ Բայց առայժմ դրական ազդանշաններ (Հայաստանից - խմբ) չենք ստացել»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Հեշթեգներ.
Նախագահ
Ադրբեջան