Թվայնացված ֆաշիզմի ավերիչ ազդեցությունից ոչ մի երկիր զերծ չէ. Էրդողան
|
|
Հոկտեմբերի 22–ին, Ստամբուլում մեկնարկել է Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումը՝ «Արմատներ գցած անցյալ, ուժեղ ապագա» կարգախոսի տակ։
|
Էրդողանն ուղերձում մասնավորապես նշել է․ «Մեր օրերում սոցիալական մեդիայի տարածմանը զուգահեռ՝ ինչպես համայն մարդկությունը, այնպես էլ մենք հաճախ ենք ապատեղեկատվության ենթարկվում։ Ստահոդ և կեղծ լուրերի հետևանքով աշխարհում խորտակվում է միլիոնավոր անպաշտպան մարդկանց կյանքը․ նրանք լուրջ տրավմաներ ու դրամաներ են ապրում»։
Անդրադառնալով Ղարաբաղի վերջին պատերազմին՝ նա մասնավորապես նշել է․ «Թվայնացված ֆաշիզմի ավերիչ ազդեցությունից ոչ մի երկիր ու հասարակություն զերծ չէ։ 44 օր տևած Ղարաբաղի պատերազմի ընթացքում ականատես դարձանք երկերեսանի պահվածքի, որը ցույց տվեց այդ խնդրի՝ մեր երկրի համար ունեցած կարևորությունը։ Բոլորովին օրակարգ չբերվեցին Հայաստանի բանակի՝ քաղաքացիական բնակչությունը թիրախավորած կոտորածը և բալիստիկ հրթիռային հարձակումները։ Մեդիայի անկախության և օբյեկտիվության մասին ճամարտակող միջազգային մամլո օրգանները շարժվեցին Հայաստանի պաշտոնական լրատվական գործակալության նման։
Ղարաբաղի պատերազմը մեր երկրներին և թյուրքական աշխարհին առնչվող փաստերի դեմ կիրառված մեդիա էմբարգոյի միակ օրինակը չէ։ Մեր ունեցած տառապալի փորձի լույսի ներքո այլևս բոլորս կարողանում ենք պարզ ու հստակ կերպով տեսնել հետևյալ ճշմարտությունը․ինչպես որ արդյունաբերական ու ռազմական հարցերում հույսներս օտարերկրացիների վրա չենք դնում, այնպես էլ հաղոդրակցմանը վերաբերող խնդիրները ևս չենք կարող այլոց վստահել։ Որպես թյուրքական աշխարհ՝ պետք է այդ հարցում նախաձեռնողական լինենք, փորձի փոխանակում ունենանք, մեր ուժերը մեկտեղենք և որոնենք մեր ունեցած հնարավորություններն ամենաազդեցիկ ձևով օգտագործելու ուղիները»։
Այսպիով, Էրդողանը նախանշեց առաջիկա 2 օրը շարունակվելիք Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումի հիմնական ուղեգիծը։
Հիշեցնենք, որ Թյուրքական խորհուրդը թյուրքախոս պետությունները միավորող միջազգային կազմակերպություն է, որի կազմում ընդգրկված են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան։ Ուշագրավ է, որ սույն կազմակերպությունը հիմնվել է 2009 թ․, Նախիջևանում։ Դիտորդի կարգավիճակում ֆորումին մասնակցում է նաև Հունգարիան։ Ակնկալվում է, որ հետագայում կազմակերպությանը կանդամակցեն նաև Թուրքմենստանը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։
Հեշթեգներ.
Էրդողան