Ադրբեջանը նշում է Անկախության վերականգնման օրը
  Ադրբեջանը նշում է Անկախության վերականգնման օրը
00:00     18 10 2021    
Այսօր լրանում է Ադրբեջանում պետական անկախության վերականգնման 30-րդ ամյակը։

Zinvor.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1991 թ. հոկտեմբերի 18-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության անկախության մասին» Սահմանադրական ակտը։

Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը՝ հենվելով 1918 թ. մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային Խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագրի վրա, ժառանգելով Ադրբեջանի Հանրապետության ժողովրդավարական սկզբունքներն ու ավանդույթները և ղեկավարվելով՝ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. օգոստոսի 30-ի՝ «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով, ընդունում է այդ Սահմանադրական ակտը և սահմանում է Ադրբեջանի Հանրապետության պետականաշինության և քաղաքական ու տնտեսական կառուցվածքի հիմունքները։

1991 թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանում համաժողովրդական հանրաքվե է անցկացվել։ Հանքվեի բյուլետենում տեղ էր գտել մեկ հարց. «Դուք աջակցում եք արդյոք Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից ընդունված՝ «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» Սահմանադրական ակտին»։ Ադրբեջանական ժողովուրդը միաձայն հանդես է եկել հանրապետության պետական անկախության օգտին։

1992 թ. մայիսին Միլլի Մեջլիսի կողմից հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության Պետական օրհներգը (երաժշտությունը՝ Ուզեր Հաջիբեյլիի, խոսքերը՝ Ահմեդ Ջավադի), իսկ քիչ հետո՝ եռագույն դրոշը և ութանկյուն աստղի ու նրա ներսում բոցի պատկերով պետական զինանշանը։

1992 թվականից հոկտեմբերի 18-ը Ադրբեջանում նշվում է, որպես տոն, սակայն չի համարվում ոչ աշխատանքային օր։

2021 թվականի հոկտեմբերի 15-ին Միլլի Մեջլիսի կողմից ընդունված «Անկախության օրվա մասին» օրենքի համաձայն՝ մայիսի 28 -ը հռչակվել է Անկախության օր, իսկ հոկտեմբերի 18 -ը` Անկախության վերականգնման օր: Նշենք, որ ավելի վաղ մայիսի 28 - ը նշվում էր որպես Հանրապետության օր, իսկ հոկտեմբերի 18 - ը` որպես Պետական անկախության օր:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Անկախության-վերականգնման-օրը  


Լրահոս