Արտաքին քաղաքական գործընթացում ՀՀ-ն լինելու է զիջողի դիրքերից. Աբրահամյան
|
|
Խորհրդարանի ձեւավորումից հետո ընդդիմությունն առաջադրել է ԱԺ փոխնախագահ, 3 հանձնաժողովի նախագահներ, 12 հանձնաժողովում ընդդիմությունը փոխնախագահի թեկնածու է ունեցել, որոնք առանց որեւէ խնդրի առաջադրվել են ու ընտրվել։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
|
«Այս պարագայում եթե իշխանության նպատակն է՝ ինտրիգներ ստեղծել, շոուի հնարավորություն ստեղծել, ապա մենք նպատակ չունենք մտնելու այդ խաղի մեջ»,- նշեց նա։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը բանակում չի ծառայել, Աբրահամյանն արձագանքեց.
«ՀՀ պաշտպանության նախարարի 2 տեղակալներից մեկը նախկին ոստիկան է, մյուսը ներկայացնում է ֆինանսական բլոկը։ Անձնական առումով որեւէ անձի հետ կապված խնդիր չունեմ, բայց պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի դիրքում գտնվող անձը բանակում չի ծառայել։ Հիմա այս հարցերը դրել են չորրորդ պապկայի մեջ ու ասում են՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել, ու դա դարձնել առաջնային խնդիր, որեւէ ձեւով ընդունելի չէ, եթե ունենար խնդիր, որն օրինական առումով խնդիր էր առաջացնում, իհարկե քննարկման առարկա կդառնար ոչ միայն այդ հարթության մեջ։
Անընդունելի է իշխանության՝ օրենսդրական նախաձեռնության այն մտադրությունը, որը հայտարարվեց հանձնաժողովի նախորդ նիստում, թե նպատակ կա՝ օրենսդրական կարգավորումների ձեւով սահմանափակում մտցնել հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի առաջադրման մասով։ Սրանով, ըստ էության, իշխանությունը օրենսդրական տեսք է փորձում տալ իր ցանկություններին ու քմահաճույքներին»։
Պատգամավորն ընդգծեց, որ պատերազմից անցել է 11 ամիս, բայց առ այս պահը հանձնաժողովում ներկայացված չեն ԶՈՒ-երի բարեփոխումների հայեցակարգը, արմատական փոփոխությունների չեն ենթարկվել դրա տարբեր բաղադրիչները, այդ թվում՝ մարտական հերթափոխության իրականացումը.
«Այսօր սահմանային տարբեր իրավիճակների քննարկման համատեքստում պետք է փոփոխությունները պետք է լինեն, որոնք որեւէ ձեւով չեն իրականացվում։ Մինչեւ ՀՀ-ում անվտանգային համակարգը չվերականգնվի, չարդիականացվի, պատշաճ մակարդակի չբերվի, արտաքին քաղաքական բոլոր գործընթացներում Հայաստանը հանդես է գալու զիջողի դիրքերից»։
Հեշթեգներ.
Հայաստան