Լավրով. Ռուսաստանը եւ Իրանը քննարկել են «3+3» ձեւաչափի գաղափարը
 Լավրով.  Ռուսաստանը եւ Իրանը քննարկել են «3+3» ձեւաչափի գաղափարը
10:39     07 10 2021    
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտնել է, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ «3+3» բանակցությունների ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը` տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:

Լավրովը նշել է, որ հենց Մոսկվան է որոշիչ դեր խաղացել Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցման եւ Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի վարչապետների մակարդակով եռակողմ համաձայնագրի կնքման գործում, որի համաձայն տվյալ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախումբ է տեղակայվել:

«Բացի այդ, նույն համատեղ հայտարարությունը սկզբունքներ էր պարունակում, որոնք որոշում են կարգավորման առաջ մղման համատեղ քայլերը, այդ թվում` այդ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքը, որից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաեւ` Վրաստանը: Դրանից կշահեն նաեւ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան` որպես այդ երեք հանրապետությունների ամենամոտ հարեւաններ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:- Մենք այսօր քննարկեցինք «3+3» ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը. երեք Անդրկովկասյան երկիր եւ դրանց երեք խոշոր հարեւաններ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան»:

Լավրովի խոսքով` իրանական կողմն այս գաղափարի նկատմամբ դրական վերաբերմունք է հայտնել, նույն վերաբերմունքն է նկատվում Ադրբեջանում եւ Թուրքիայում: «Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր առջեւ ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր հիմնարար շահն այս տարածաշրջանի արագացված զարգացման հետ կապված խորհրդակցությունների եւ որոշումների համաձայնեցման այդպիսի մեխանիզմի ստեղծման մեջ, որը երկար ժամանակ զսպել է իր զարգացումը` այստեղ պահպանվող հակամարտությունների պատճառով»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Իրան  


Լրահոս