Լավրով. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանի եւ Բաքվի հետ համաձայնեցրել են
|
|
Ղարաբաղի վերաբերյալ անցած տարվա եռակողմ պայմանավորվածության գլխավոր արդյունքը կայունությունն է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
|
Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի եւ Երեւանի հետ համաձայնեցրել են Ղարաբաղի շրջան աշխատանքային ուղեւորությունների վերսկսումը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ որեւէ բռնի գործողություն չենք տեսնում: Մանր միջադեպերը, որոնք կային սկզբնական փուլում, արագ լուծվում էին: Եվս մեկ անգամ շեշտեմ՝ այժմ այնտեղ իրավիճակը կայուն է՝ չնայած, իհարկե, խնդիրները շատ են»,- ասել է Լավրովը:
«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքանով հասկանում եմ, նրանք համաձայնեցին վերսկսել իրենց այցերը տարածաշրջան՝ այցելելու [Ղարաբաղ] եւ տեղում զրուցելու Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում հանդիպումներ են նախատեսված Խանքենդիում»,- ասել է նա:
Լավրովը նշել է, որ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական խնդիրն է նպաստել դրական միտումներին, որոնք ձեռք են բերվել հակամարտության գոտում ամբողջական հրադադարի մասին եռակողմ հայտարարության շնորհիվ: Նրա խոսքով՝ Ղարաբաղում ձեռք բերված կայունությունը պետք է ամեն կերպ ամրապնդվի` ապահովելով հայ եւ ադրբեջանական համայնքների համակեցությունն ու համագործակցությունը: «Ես հիմա ավելի հավակնոտ պլաններ չէի կազմի»,- ասել է նա:
Հեշթեգներ.
Լավրով
ԵԱՀԿ