Պուտինը Փաշինյան-Էրդողան հանդիպում էլ կկազմակերպի՞
 Պուտինը Փաշինյան-Էրդողան հանդիպում էլ կկազմակերպի՞
14:40     04 09 2021    
«Մոսկվան հետագայում ևս պատրաստ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավմանը», - երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք արձանագրեցինք վերջերս Երևանի և Անկարայի միջև տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը, արձանագրեցինք այն առումով, որ նկատել ենք դրանք և ի գիտություն ընդունել», -հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։ «Մենք այժմ էլ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցման գործընթացին, որ հիմնված կլինի փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա», - նշել է Զախարովան։

Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու դիրքերից, բերել է ապացույց, որ 2009-ին Մոսկվան արդյունավետ աջակցել է առանց նախապայմանի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին և դրական դերակատարություն է ունեցել ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման գործում: Ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս նա, սակայն, հստակ չի պատասխանել, թե արդյոք այդ հարաբերությունների կարգավորումը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, պարզապես նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի կատարումը կնպաստեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարեկեցությանը։

Բացի այդ, Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան կողմ է վեց երկրների հարթակին, որը նախաձեռնել է Թուրքիան: Խոսքը տարածաշրջանի վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հնարավոր համագործակցության մասին է։

Զախարովան նաև խոսել է նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից` նշելով, թե Մոսկվան ողջունում է համանախագահների գործունեության ակտիվացումը վերջին շրջանում և համարում է, որ համանախագահները պետք է հաշվի առնեն տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը և առաջին հերթին զբաղվեն հումանիտար հարցերով, ինչից հետո հնարավոր կլինի անցնել քաղաքական կարգավորմանը։

Նկատենք, որ վերջին օրերին պաշտոնական Երևանը և Անկարան հեռակա երկխոսություն սկսեցին հարաբերությունները կարգավորելու հնարավորության շուրջ: Օգոստոսի 27-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության թեմային անդրադառնալիս ասել էր, թե որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, և պաշտոնական Երևանն այդ ազդակների կպատասխանի: Դրական ազդակները, հավանաբար, Թուրքիայի նախագահի ավելի վաղ արած հայտարարությունն էր, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա:

Դրանից երկու օր անց` անցած կիրակի Թուրքիայի նախագահը նորից անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը` ասելով, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ՝ բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։

Հիմա Մոսկվան հրապարակավ ողջունեց պաշտոնական Երևանից և Անկարայից եկող դրական ազդակները և առաջարկում հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացայի աշխատանքները` տարածաշրջանում կայունություն հաստատելու համար:

Հայաստանի իշխանությունը մի կողմից խոսում է Անկարայի հետ հարաբերություններում նոր էջ սկսելու հնարավորության մասին, մյուս կողմից հայտարարում, թե հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի աշխատանքները սկսելու մասին այս պահին դեռ չի կարելի խոսել:

Հիմա ի՞նչ, իբր Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրը, մնաց` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվե՞ն: Ռուսաստանն էլ արագ արձագանքում է, թե պատրաստ ենք այստեղ էլ միջնորդ լինել: Բայց կարծես Անկարան նախընտրում է առանձին Փաշինյանին պայմաններ թելադրել:

Թե՞ Պուտինը մտադիր է Փաշինյան-Էրդողան հանդիպում կազմակերպել ռուսական հովանու ներքո...
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Փաշինյան   Էրդողան