ԵՄ․ Հարավային Կովկասը կարևոր դեր է խաղում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապի ապահովման գործում
  ԵՄ․  Հարավային Կովկասը կարևոր դեր է խաղում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապի ապահովման գործում
17:51     05 05 2026    
Անցյալ ամառ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ձևավորված նոր՝ աննախադեպ դինամիկան իսկապես նոր ռազմավարական հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար։ Այս մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն — 2026» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Նրա խոսքով՝ սա տարածաշրջանը դիրքավորում է որպես կարևոր օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև ճանապարհին։

Նա հավելել է, որ սա նաև նոր հնարավորություններ է բացում Մերձավոր Արևելքի հետ ավելի սերտ համագործակցության համար։

«Այժմ այս տարածաշրջանն առավել ևս կարևոր է որպես կայունության կղզի՝ երկու խոշոր ռազմական գործողությունների թատերաբեմերի ֆոնին։ Այժմ շատ է քննարկվում «Միջին միջանցք» նախագիծը։ Մեր հաշվարկներով՝ կենտրոնական միջանցքով բեռնափոխադրումների ծավալները 2022 թվականից ի վեր աճել են չորս անգամ, և մենք հույս ունենք, որ մինչև 2030 թվականը դրանք կարող են աճել ևս երեք անգամ։ Հենց նման ներդրումներն ենք մենք քննարկում Հարավային Կովկասի մեր գործընկերների հետ», — նշել է Գրոնոն։

Նա հավելել է, որ տրանսպորտային հասանելիությունը պետք է լինի ներառական և չմեկուսացնի տարածաշրջանի գործընկերներից և ոչ մեկին։

«Այդ պատճառով այժմ մենք Երևանի մեր գործընկերների հետ քննարկում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նախագծեր։ Քննարկումներ են ընթանում նաև Բաքվի գործընկերների հետ՝ հաշվի առնելով նոր բացված հնարավորությունները, այդ թվում՝ TRIPP նախագծի շրջանակում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն իսկապես աներևակայելի հզոր գործընթաց էր, որտեղ, հնարավոր է, կարևոր աջակցություն է ցուցաբերվել արտաքին դերակատարների կողմից, սակայն, ի վերջո, կարծում եմ, վճռորոշը երկու մայրաքաղաքների պատասխանատվությունն էր։ Եվ այս առումով մենք իսկապես կցանկանայինք լինել պարզապես գործընկերներ այն իմաստով, որ օրակարգը հստակ սահմանվում է տարածաշրջանային դերակատարների կողմից, և մենք աջակցում ենք դրան այնտեղ, որտեղ դա օգտակար և անհրաժեշտ է։

Ուզում եմ նշել այն շատ զգալի ներուժը, որն ունի այս տարածաշրջանը և Հայաստանը՝ իր հնարավորությունների և թվային ոլորտի հետագա զարգացման ներուժի տեսանկյունից, ներառյալ վերականգնվող էներգետիկան», — եզրափակել է Գրոնոն։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Հարավային-Կովկաս  


Լրահոս