Հյուր՝ ռուսական «տանիքի» ու Ադրբեջանի բարեկամների խմբակից
  Հյուր՝ ռուսական «տանիքի» ու Ադրբեջանի բարեկամների խմբակից
14:20     10 08 2021    
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է, ՊՆ-ի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ նրա այցի օրակարգում հանդիպումներ են՝ Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ։

Զասը Երևանում է՝ ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների թեմայով քննարկումներ անցկացնելու նպատակով:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արմեն Գրիգորյանն արդեն հանդիպել է Ստանիսլավ Զասի հետ, ներկայացրել ստեղծված իրադրությունը։ Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Ստանիսլավ Զասն այսօր հանդիպել է նաև ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ։ Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:

Այսպես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումները մնացել են անհետևանք։

Պաշտոնական Երևանի դիմումից մեկուկես ամիս անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր՝ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է» և չի համապատասխանում կազմակերպության կանոնադրության դրույթներին։

Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան ՀԱՊԿ-ի դիրքորոշումներում էական փոփոխություն կարո՞ղ է մտցնել, այն դեպքում, երբ այս կառույցում առավելապես Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող պետություններ են:

Սա հռետորական հարց է, պատասխանը միանգամայն ակնհայտ:

Այս կառույցի անդամ պետությունների ղեկավարները Ադրբեջանի ու նրա նախագահի հանդեպ ունեն ակնհայտ ջերմ-բարեկամական հարաբերություններ։ Ուրեմն, Զասի այցը կոչված է առավելապես այլ տիրույթում գտնվող հարցերի քննարկման մեջ, այն է՝ օրեր առաջ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ական մոնիտորինգային առաքելության իրականացման առաջարկը:

Սա մի առաջարկ է, որը հնարավոր է ձեռնտու կլինի ռուսական հովանու ներքո ևս մի ձևաչափ աշխատեցնելու, և Հայաստանի ու Ադրբեջանի հետ երկկողմ նոր քննարկումների դաշտ բացելու:

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրովն այսօր կայացած հեռախոսազրույցում անդրադարձել են եռակողմ հայտարարությունների իրականացման խնդիրներին և հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ առարկայական մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի նորմալացման ուղիների շուրջ։ Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու առումով ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը շուտափույթ վերսկսելու կարևորությունը։

Ահա, Լավրով-Բայրամով հեռախոսազրույցից էլ ակնհայտ երևում է, որ Ռուսաստանը փորձում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև՝ Հայաստան-Ադրբեջան խնդիրների քննարկումները, համաձայնությունները պահել բացառապես Մոսկվայի հովանու ներքո:
Zinvor.info

Հեշթեգներ. ՀԱՊԿ   Հայաստան  


Լրահոս