Zinvor.info-յի հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում «Կայունություն և էներգետիկ տրանսֆորմացիա» թեմայով անցկացվող «Technovation» ֆորումի ժամանակ հայտարարել է էներգետիկայի նախարարի տեղակալ Էլնուր Սոլթանովը։
Նրա խոսքով՝ այդ գազը կարելի է ավելի բարձր գներով արտահանել եվրոպական շուկաներ, իսկ հետո այդ եկամուտը վերադարձնել երկրի տնտեսություն. «Էներգետիկ հաշվեկշիռը հատկապես վերականգնվող էներգիայի աղբյուրների ուղղությամբ մեծացնելը մեզ համար տնտեսապես տրամաբանական էր։ Դա, անշուշտ, օգտակար էր շրջակա միջավայրի համար»։
Է. Սոլթանովը նշել է, որ թեև վերականգնվող էներգիան օգտակար է շրջակա միջավայրի համար և փոխարինում է բնական գազին, սակայն միևնույն ժամանակ թանկ է. «Մենք մտադիր ենք արտադրել երկու գիգավատ վերականգնվող էներգիա։ Արաբական Միացյալ Էմիրությունների «Masdar» ընկերությունն այսօր մեր ռազմավարական գործընկերն է այս ոլորտում։ Մինչև 2027 թվականը Ադրբեջանը կունենա 2 գիգավատ վերականգնվող էներգիա։ Սա մեծ իրադարձություն է։ Մինգեչաուրում իրականացվող նախագծերի հետ մեկտեղ, այնտեղ գտնվում է Ադրբեջանի ամենամեծ էլեկտրակայանը՝ 2,4 գիգավատ հզորությամբ։ Այստեղ մենք խորհրդային ժամանակներից մնացած գազային տուրբինները փոխարինեցինք նորերով»։
Նա հավելել է, որ այս կայանի արդյունավետությունն արդեն աճել է 30%-ով. «Մինչև 2027 թվականը կառուցվող այս երկու գիգավատը, գումարած Մինգեչաուրի արդիականացումը, կխնայի մոտ 1,5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Մենք որոշակի իմաստով կարծես թե հայտնաբերեցինք նոր «Ապշերոն» (Abşeron) գազային հանքավայրը։ Այս երկու գիգավատ վերականգնվող էներգիան ցանցային համակարգին ինտեգրելու ծախսերը շատ մեծ են։ Մեր ցանցի արդիականացման համար պետք է ծախսվի մոտ կես միլիարդ դոլար։ Ցանցերը շատ զգայուն տեխնոլոգիական հրաշքներ են, ուստի դրանց հետ պետք է վարվել շատ զգուշորեն»։