Ինչո՞ւ Հայաստանից դեռ որևէ ապրանք չի արտահանվել Ադրբեջան. Պապոյանը պարզաբանումը
|
|
|
|
Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, ըստ էության, որ եկել է Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը, հայկական ծագման արտադրանք չկա, որն արտահանվել է Ադրբեջան, բայց կողմերը փոխանակվել են ցանկերով, այդ թվում նաև իրենք են մեզ երկար ցանկ տվել և մենք իրենց, և գործարար միջավայրը կարծում ենք, որ ժամանակի ընթացքում կարձագանքի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս պահի դրությամբ կա՞ որևէ հայկական ապրանք, որ արտահանվել է Ադրբեջան։
|
«Պատճառները տարբեր են, սկսած նրանից, որ շուկաները դեռևս միմյանց բավականին անծանոթ են, ինչպես մեր շուկան իրենց համար, այնպես էլ իրենց շուկան մեր համար։ Սրա համար, իմ կարծիքով, պետք է ժամանակ, և դա այնպիսի գործընթաց է, որը ավելի շատ մասնավոր հատվածի դաշտում է։ Պետությունը ստեղծում է պայման՝ քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհի բացվելով, երկաթուղու գործելով և այլն։ Հիմա մենք այդ պայմանների մի զգալի մասը ստեղծել ենք, բայց դեռ ամբողջությամբ ստեղծված չէ։ Օրինակ, ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, բայց դուք շատ լավ գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանքը կա ու կլինի դա մի քանի տարի անց։ Ես նկատի ունեմ Թրիփի գործարքումը, մինչև այդ իհարկե կարող է նաև այլ գործիքակազմ էլ աշխատի։
Կան ուղիղ հաղորդակցություն ճանապարհներ, չնայած մենք բացել ենք, բայց դեռևս իրենք չեն օգտվում մեր ճանապարհներիից, որպեսզի ապրանքը Հայաստանի միջոցով, ենթադրենք, տանեն Թուրքիա կամ հակառակը։
Սա մի գործընթաց է, որը ժամանակատար է, բարդ է։ Երկու տարի առաջ, երբ բոլորը խոսում էին նրա մասին, որ կարող է ամեն պահի լինի պատերազմ, հիմա բոլորը խոսում են նրա մասին, թե ինչու օրինակ այս կամ այն ապրանքը չի վաճառվում կամ դեռ չի վաճառվել։ Սա արդեն շատ լավ է։
Ես կարծում եմ՝ պատերազմից խաղաղության խոսակցությունը արդեն իսկ ֆանտաստիկ է, խաղաղության օգուտների մասին խոսակցությունը շատ լավ խոսակցություն է, որը պետք է ավելացնենք, որպեսզի մաքսիմալ շատ օգուտներ ունենանք»,–ասաց Պապոյանը։
Նա նկատեց, որ ամենամեծ արդյունքը նա է, որ այսօր պատերազմի հավանականությունը մոտեցված է զրոյի, այնինչ երկու տարի առաջ դա շատ բարձր էր. «Այսօր մենք խոսում ենք արդեն խաղաղության մասին, դրա արդյունքը դուք տեսել եք մեր տարբեր որոշումներում, այդ թվում նաև օրենսդրական։ Մեկ տարի առաջ ոչ մեկը չէր պատկերացնում, որ Հայաստանը ու Ադրբեջանը առևտուր կանեն։ Այդ ամեն ինչի համար պետք է ժամանակ, որովհետև դրանք երկարատև բարդ գործընթացներ են, հեշտ չեն»,–ասաց նա։
Հեշթեգներ.
Պապոյան
Հայաստան