Վարդանյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
 Վարդանյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
09:11     21 05 2025    
Մայիսի 20-ին շարունակվել է Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը, ով մեղադրվում է խոշտանգումների, վարձկանության, պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ բաց դատական նիստում մեղադրյալն ապահովվել է փաստաբանով և ռուսաց լեզվի թարգմանիչով։

Դատաքննության ընթացքում Ռուբեն Վարդանյանը կրկին դիմել է դատարանին՝ բացարկ հայտնելով գործը քննող դատավորների կազմին։ Նրա փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է առարկությունը։

Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը՝ նշելով, թե պաշտպանության կողմը, համաձայն Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, չի ներկայացրել որևէ կոնկրետ և հուսալի ապացույց, որ գործը քննող դատարանի կազմը շահագրգռված է Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդմամբ։

Դատական նիստին մասնակցող տուժողները նույնպես խնդրել են դատարանին չբավարարել ինքնաբացարկի միջնորդությունը։

Դատարանը ներկայացրել է նաև տուժողների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 27-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան  


Լրահոս