Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հասարակայնության հետ աշխատանքի և միջազգային կապերի բաժնի պետ Փարվիզ Սադրեդդինովը։
Վերջին օրերին հասարակության շրջանում լայնորեն քննարկվում է՝ «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» և «Զորահավաքային պատրաստության և զորահավաքի մասին» ինչպես նաև «Զինվորական ծառայություն անցնելու կանոնակարգի մասին» օրենքներում մի շարք փոփոխություններ մտցնելու հարցը։
Պ.Սադրեդդինովը պարզաբանել է այս հարցը և նշել, որ առայժմ օրենքում փոփոխություններ չեն կատարվել։
«Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը առաջարկներ է արել՝ օրենքի համապատասխան դրույթները կատարելագործելու վերաբերյալ և նախագիծը ներկայացվել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին։ Ներկայումս փոփոխությունները քննարկվել են հանձնաժողովի անդամների կողմից և ներկայացվել Միլլի Մեջլիսի լիագումար նիստին։ Օրենքի նոր դրույթներն ուժի մեջ կմտնեն, եթե դրանք ընդունվեն խորհրդարանի կողմից և ստորագրվեն պետության ղեկավարի կողմից։
Ուստի ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ օրենքում որևէ փոփոխություն դեռ չի կատարվել։ Պարզապես պետք է համբերատար լինել և սպասել արդյունքին։
Փոփոխությունները ներառում են մի շարք նորամուծություններ։ Բայց պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման հարցը քննարկման առարկա չէ։ Այսինքն՝ բարձրագույն կրթությամբ զինակոչիկները նախկինի պես՝ պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն 12 ամիս ժամկետով, իսկ մնացածը՝ 18 ամիս»,- հավելել է նա։