Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին և ողջ թուրք ժողովրդին՝ Հանրապետության օրվա առթիվ։
Ուղերձում ասված է. «Հարգելի պարոն նախագահ,
Սիրելի եղբայր,
Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից ուրախ եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Թուրքիայի եղբայրական ժողովրդին փոխանցել ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հոկտեմբերի 29-ի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Հպարտությամբ ուզում եմ նշել, որ Թուրքիայի Հանրապետությունը թևակոխել է իր պատմության երկրորդ դարը՝ որպես հզոր, առաջատար և կայուն երկիր՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և բոլոր այլ տեսանկյուններից, որը բարձր հեղինակություն և վստահություն է ձեռք բերել միջազգային մակարդակում՝ իր խոսքն ասելով գլոբալ հարցերում։ Այս բոլոր խոշոր ձեռքբերումները հնարավոր դարձան՝ Ձեր հեռատես և իմաստուն ղեկավարության ներքո վարած քաղաքականության և Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Աշխարհում ուժի կենտրոն դարձած հզոր Թուրքիայի բոլոր հաջողությունները մեզ հիացնում և ոգևորում են ոչ պակաս, քան սեփական հաջողությունները։ Այսօր մենք մեծ հպարտություն ենք զգում նրանից, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր գագաթնակետին, մեր անխորտակելի եղբայրությունից։ Մեր դինամիկ և ակտիվ զարգացող բացառիկ միջպետական կապերը, որոնք կազմում են տարածաշրջանային համագործակցության հիմքը, կարևոր գործոնի դեր են խաղում ողջ Եվրասիայի համար՝ մեծ ավանդ ներդնելով տարածաշրջանի զարգացման, խաղաղության և անվտանգության գործում։
Հավատում եմ, որ ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշինքը, զորանալով մեր ընդհանուր պատմությունից, ազգային և հոգևոր հարուստ արժեքներից, երկու ժողովուրդների եղբայրությունից և միասնությունից, կշարունակի խորանալ և ամրապնդվել մեր համատեղ ջանքերով՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի համաձայն»։ Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ ձեր բարձրագույն պետական գործունեության մեջ, եղբայրական Թուրքիայի Հանրապետությանը և նրա ժողովրդին՝ մշտական խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»: