Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին
  Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին
10:17     22 11 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հրապարակված հակաադրբեջանական հոդվածին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X-ի իր էջում։

Նա նշել է, որ «Եվրոպայի ադրբեջանական գազային գամբիտը. լավ նորություն Ռուսաստանի համար» վերտառությամբ հոդվածը ոչ այլ ինչ է, քան ապատեղեկատվության ստոր օրինակ։

«Դրանում բացակայում է փաստերի պրոֆեսիոնալ ստուգումը, այն լի է բամբասանքներով ու ասեկոսեներով: Լրագրության և լրատվամիջոցների եվրոպական չափանիշների այսքան ցածր մակարդակի անկումը, մեղմ ասած, խայտառակություն է։ Եվրամիությունը հատուկ զգայունությամբ և մտահոգությամբ է վերաբերվում լրատվամիջոցների գլոբալ ապատեղեկատվությանը: Սա հասկանալի է: Բայց ինչպե՞ս արձագանքել, երբ եվրոպական լրատվամիջոցները զբաղված են ուրիշների մասին կեղծ լուրերի և ստերի տարածմամբ։

Միայն մեկ փաստը ամբողջությամբ հերքում է այս հոդվածը. 2024 թվականին Ադրբեջանը գազ չի ներմուծել Ռուսաստանից։ Եվ վերջակետ: Ադրբեջանում գազի արդյունահանումն իրականացվում է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ Արտադրության ու արտահանման ծավալները հստակ տեսանելի են բոլորին։

Ադրբեջանը կշարունակի իր ավանդը ներդնել գործընկերների էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ հիմնվելով իր առկա ռեսուրսների և համաձայնեցված պայմանագրերի վրա։ Պահանջում ենք Politico-ից ներողություն խնդրել և հետ վերցնել այս կեղծ հոդվածը», - ընդգծել է նախագահի օգնականը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս