Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Միլլի Մեջլիսի հայտարարության մեջ։ «Այս քաղաքական ակցիան ցույց է տալիս, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը վերածվել է քաղաքական արկածախնդրության ասպարեզի։ Տվյալ բանաձևը, որը ցույց է տալիս ակնհայտ անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի ինքնիշխանության, ինչպես նաև մեր երկրի կողմից ազգային անվտանգության, հասարակական կայունության և տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված միջոցառումների նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան կոպիտ միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»։
Միլլի Մեջլիսն ընդգծել է, որ 2024 թվականի փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ պնդումները նույնպես լիովին անհիմն են. «Ընտրական պրակտիկայի կատարելագործման ոլորտում Ադրբեջանի գրանցած առաջընթացը հաստատվել է միջազգային մակարդակով։ Ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին լիովին համապատասխան։
Կամայական ձերբակալությունների, ազատության և հավաքների սահմանափակումների վերաբերյալ պնդումները հիմնված են կոպիտ խեղաթյուրումների վրա: Տարբեր զեկույցներում անունները նշված անձանց ձերբակալությունները կատարվել են հիմնավոր ապացույցների հիման վրա, որ նրանք խախտել են ազգային օրենսդրությունը, ընդ որում՝ ձերբակալությունների ժամանակ պահպանվել են բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը:
Քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևում հնչած մեղադրանքներն անհիմն են և Ադրբեջանի վարկաբեկմանն ուղղված արշավի մաս են։ Մեր երկրի՝ քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանն ուղղված ջանքերի վրա ստվեր գցելու փորձը ափսոսանք է առաջացնում», - ասված է հայտարարության մեջ։