Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
«Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը, խոսելով Նոր Կալեդոնիայի մասին, Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանը աջակցելու մեջ։ Նա մոռանում է, որ հենց ֆրանսիական կողմն էր, որ երկար ժամանակ քայլեր էր ձեռնարկում Ադրբեջանում ագրեսիվ անջատողականությանը աջակցելու համար և պարբերաբար հյուրընկալում անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին։
Հայտնի է, որ Ֆրանսիայի իշխող կուսակցության նախաձեռնությամբ այդ երկրի խորհրդարանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ առնող և անջատողական ռեժիմը ճանաչող որոշումների ու բանաձևերի ընդունմանը զուգընթաց հնարավորություն ստեղծեց անջատողականների հետ բարեկամության խմբի գործունեության համար:
Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան դադարեցնի միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և անհիմն պահանջները մեր երկրի դեմ։ Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ադրբեջանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- ասել է Հաջիզադեն։
Zinvor.info