Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող
  Ալիև.  Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող
16:30     25 04 2024    
Պոտենցիալ կերպով Հայաստանը նույնպես կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի շատ արտոնյալ գինը։ Եվ մոտիկության տեսակետից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման բնույթի համագործակցություն։ Երբ մենք խոսում էինք Զանգեզուրի միջանցքի մասին, մենք չէինք նշում, որ այն դիտարկում ենք ոչ միայն որպես երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցության միջոց, այլ նաև որպես հաղորդակցման գծերի անցկացման պոտենցիալ երթուղի։ Որովհետև էլեկտրահաղորդման գծերից մեկը կարող է Հայաստանով անցնել մեր արտահանման հնարավորությունների ընդլայնման շրջանակներում։ Պոտենցիալ կերպով դա կարող է լինել նույնիսկ գազատարը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ապրիլի 23-ին ADA համալսարանում «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով միջոցառման մասնակիցների հարցերին։

«Այսօր Նախչըվանին բնական գազ մատակարարելու համար մենք պայմանավորվել ենք Իրանի հետ։ Փաստորեն մենք Նախչըվանի համար գազը ստանում ենք Իրանից։ Հիմա մենք կառուցում և ֆինանսավորում ենք ևս մեկ խողովակաշար, որը Թուրքիայից հասնում է մինչև Նախչըվան և կմատակարարի ադրբեջանական գազը։ Բայց դա նույն բանն է, ինչ աջ ձեռքով դիպչել ձախ ականջին։ Եթե այն անցնի Հայաստանի տարածքով, ապա դա ձեռնատու կլինի բոլորի համար, հնարավորություն կտա մեծ գումարներ խնայել։ Իհարկե, կան բազմաթիվ այլ նմանատիպ հարցեր։

Ես գիտեմ, որ Հայաստանը ցանկանում է միանալ Սևծովյան էներգետիկ մալուխին՝ լրացուցիչ էներգետիկ հզորության պատճառով։ Բայց նրանք չեն կարող դա անել, քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն կարգավորվել։ Այնտեղ ընդամենը չորս երկրներ են՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան, ինչպես նաև Բուլղարիան, որը միանում է նախագծին, և վերջ։ Այլ ճանապարհ չկա, սա կոնսենսուսային որոշում է։ Այսպիսով, խաղաղ պայմանագիրը՝ մեկնարկային կետ է:

Մենք պետք է արդյո՞ք պլանավորենք ապագան խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո։ Իհարկե, պետք է: Մենք մի քանի անգամ մեր վրացի գործընկերների հետ քննարկել ենք եռակողմ խորհրդակցությունների հնարավորությունը՝ պարզապես տրանսպորտի, էներգետիկայի և պոտենցիալ առևտրային հարաբերությունների ոլորտում գործնական նշանակություն ունեցող հարցերի շուրջ խորհրդակցություններ սկսելու համար։ Բայց հայկական կողմն անընդհատ հրաժարվում էր, և մեր վրացի գործընկերները դա շատ լավ գիտեն։ Տարածաշրջանի երկրների հետ լավ հարաբերությունների վրա հիմնված տարածաշրջանային համագործակցություն՝ կարծում եմ, որ սա լավագույն սցենարն է Հարավային Կովկասի համար։ Մեզ մոտ, ի դեպ, արդեն գործում է համագործակցության եռակողմ ձևաչափը՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև։ Մեր նախարարները պարբերաբար հանդիպում են։ Այնպես որ այս ամենը բացարձակապես հնարավոր է։ Բայց մեզ հարկավոր է բեկում խաղաղ պայմանագրում։ Անկեղծ ասած, ոչ Վրաստանը, ոչ էլ Ադրբեջանը այսօր որևէ դժվարություն չունեն իրենց էներգետիկ կամ տրանսպորտային անվտանգության հետ կապված։ Բացառություն է կազմում միայն Հայաստանը։

Եվ ինձ համար, անկեղծ ասած, մեծ հարց է, թե ինչու են նրանք այդքան բուռն դեմ հանդես գալիս Զանգեզուրի միջանցքին։ Նրանք այն վտանգավոր են համարում։ Նրանք ունեն ինչ-որ ֆոբիա, որը ես չեմ կարող բացատրել: Նրանք նույնիսկ դեմ են «միջանցք» բառին։ Նրանք համարում են, որ միջանցքը նշանակում է ինքնիշխանության խախտում։ Իսկ երբ մենք խոսում ենք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին, որը հատում է Ադրբեջանի տարածքը, մեզ մոտ նման ֆոբիաներ չէին ծագում, քանի որ միջանցքը հայտնի միջազգային տերմին է։ Նրանք հենց որ լսում են Զանգեզուրի միջանցքի մասին, քիչ է մնում խելագարվեն։ Դա շատ տարօրինակ է։ Բայց նորից եմ ասում, մենք պետք է մտածենք ապագայի մասին։

Ի դեպ, սահմանների սահմանազատման և Գազախի շրջանի չորս գյուղերի վերադարձի հարցը՝ հանդիսանում է նրա հիանալի օրինակը, որ երկկողմ ձևաչափով համագործակցությունը կարող է հանգեցնել լավ արդյունքների»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Պետության ղեկավարի ելույթի ամբողջական տարբերակի հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով.

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս