Այխան Հաջիզադեն՝ Ռասմուսենի խմբի զեկույցի մասին
  Այխան Հաջիզադեն՝  Ռասմուսենի խմբի զեկույցի մասին
10:44     28 03 2024    
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած խմբի զեկույցում տեղ գտած պնդումները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարությանը, Հաջիզադեն հայտարարել է, որ խստորեն դատապարտում և մերժում է Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքները, որոնք արտացոլված են «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. Հայաստանում էլ ավելի շատ Եվրոպա. էլ ավելի շատ Հայաստան Եվրոպայում» խորագրով զեկույցում՝ պատրաստված Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամների ցանց» խմբի կողմից։

«Զեկույցի զրպարտիչ և բոլորովին անհիմն կետերը, որոնք խեղաթյուրում են բոլոր փաստերը, Ադրբեջանի դեմ իրականացվող զրպարտչական արշավի բաղկացուցիչ մասն են։ Այդ կետերը լուրջ հարցեր են առաջացնում զեկույցի վերաբերյալ, որն իբր ուղղված է Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացմանը։ Իրականում սա ոչ այլ ինչ է, քան անհեթեթ քարոզչություն»,- ասել է նա։

Հաջիզադեի խոսքով, Հայաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող քարոզչական արշավները ևս մեկ անգամ ցույց են տալիս հայկական կողմի անկեղծ չլինելը տարածաշրջանային խաղաղության օրակարգի նկատմամբ։

«Որոշ նեղմիտ քաղաքական գործիչների, այդ թվում՝ Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նման եվրոպական կառույցների միջոցով ծախսատար և անիմաստ զրպարտչական արշավներ իրականացնելը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը և խաղաղության կառուցման ջանքերին: Փոխարենը, Հայաստանի կառավարությունը և հայկական լոբբիստական խմբերը պետք է կենտրոնանան տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջխաղացման վրա»,- ասել է Հաջիզադեն:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս