Ամփոփվել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքները
  Ամփոփվել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքները
10:25     16 03 2024    
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հերթական՝ 10-րդ եռակողմ հանդիպումը կանցկացվի Թուրքիայում 2025 թվականին։ Հանդիպման կոնկրետ ժամկետները կհամաձայնեցվեն կողմերի միջև:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Բաքվի հռչակագրում, որն ընդունվել է երեք երկրների արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով։

Հռչակագրում կողմերը վերահաստատել են իրենց միանշանակ փոխադարձ աջակցությունը՝ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը, ողջունել են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիովին վերականգնումը և հետհակամարտային շրջանում տարածքները վերականգնելու երկրի ջանքերը. աջակցություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա. վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների արագ հաստատումը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային կայունության և անվտանգության մեջ և ճանապարհ կբացի տարածաշրջանում համագործակցության ներուժի լիարժեք իրացման համար։

Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է՝ Գազայում ռազմական գործողությունների դադարեցման, Գազային հումանիտար օգնություն տրամադրելու և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը. Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման կարևորությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում. Վճռականություն է հայտնվել ամրապնդելու համագործակցությունը՝ ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ պայքարում, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրանյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի, փողերի լվացման, մշակութային և պատմական ժառանգության դեմ հանցագործությունների, կիբերհանցագործության դեմ պայքարում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս