Ալիևի կարևոր թեզերը. Հայաստանի հետ խաղաղության պայմանները, Ֆրանսիան, ԵԽԽՎ-ն
  Ալիևի կարևոր թեզերը.  Հայաստանի հետ խաղաղության պայմանները, Ֆրանսիան, ԵԽԽՎ-ն
16:49     01 02 2024    
Փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Մարտին Չունգոնգը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ։

Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է, արդեն մի քանի ամիս է երկու երկրների սահմանին խաղաղ իրավիճակ է տիրում։ Սակայն այս գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և վերջ դնել Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքային հավակնություններին:

Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանի անկախության հռչակագիրը ուղիղ կոչեր է պարունակում Ղարաբաղի շրջանը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Հայաստանի այլ նորմատիվ իրավական փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ, բազմաթիվ կոնվենցիաներ և այլ փաստաթղթեր, որոնց միացել է Հայաստանը, պարունակում են բազմաթիվ պահեր, որոնք վկայում են Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության չճանաչելու մասին։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հիմքում դրված է Երևանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության չճանաչումը և Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից։

Նախագահը հայտարարել է, որ խաղաղության կարելի է հասնել, եթե այդ պահանջները դադարեցվեն, և փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում։ Կարևորելով Երևանի կողմից այդ միջոցառումների արագ իրականացումը, երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում այս թեմայով քննարկումների մեկնարկը գնահատվում է որպես դրական քայլ, որը կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղ գործընթացը արագ ավարտին հասցնելու համար։

Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, որ Ֆրանսիան ապակառուցողական քաղաքականություն է վարում տարածաշրջանում՝ առաջնորդվելով «կրակի վրա յուղ լցնելու» սկզբունքով, զինում է Հայաստանին և աշխարհաքաղաքական ինտրիգներ նախաձեռնում: Նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Փարիզն է տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառը, որը հակաադրբեջանական քաղաքականություն է վարում միջազգային տարբեր կազմակերպություններում և խորհրդարանական հարթությունում։ Երկրի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիայի քաղաքականությունն ուղղված է Հարավկովկասյան տարածաշրջանում առաջատար դիրքեր ձեռք բերելուն և ազդեցության ամրապնդմանը, սակայն նրա ջանքերն այդ ուղղությամբ ապարդյուն են։

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում փոքր խմբի նախաձեռնությունը, որն իր բնույթով հակաադրբեջանական է, չի ծառայում երկխոսությանը։ Նախագահը նշել է, որ ընդհանուր առմամբ դա հակասում է խորհրդարանական հարթակի ավանդույթներին։ Նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական պատվիրակության իրավունքները պետք է վերականգնվեն, հակառակ դեպքում Ադրբեջանի մասնակցության հարցը Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վերանայվելու է:

***

Փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Մարտին-Չունգոնգ  


Լրահոս