Ֆրանսիայի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել երկու ադրբեջանցի դիվանագետի
  Ֆրանսիայի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել երկու ադրբեջանցի դիվանագետի
10:14     28 12 2023    
Ֆրանսիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի՝ որպես պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի գործողություններին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Ֆրանսիան հաշվի է առնում Ադրբեջանի կողմից ընդունված որոշումը՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի «պերսոնա նոն գրատա» հայտարարելու վերաբերյալ։ Այն կտրականապես մերժում է այն մեղադրանքները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է իր որոշումը հիմնավորելու համար։ Ֆրանսիան, որպես պատասխան միջոց, «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի», - ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ «պերսոնա նոն գրատա» էին ճանաչվել իրենց դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող գործունեության համար, և նրանց հրամայվել էր լքել երկիրը 48 ժամվա ընթացքում։

«Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Ֆրանսիայի դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ իրենց դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար։ Պահանջել է, որ այդ անձինք 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան