Նահապետյան. Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսում է Ռուսաստանին և Իրանին
  Նահապետյան.  Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսում է Ռուսաստանին և Իրանին
16:30     12 12 2023    
«Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը ոչ թե մեր անվտանգությունն է, այլ հետախուզական տվյալների հավաքագրումը»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է հայ ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ծավալների մեծացումը։

«Ի՞նչ են անում այստեղ ԵՄ դիտորդները: Նրանք վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և արդյունքների մասին հայտնում մի քանի հասցեներով։ Միաժամանակ Հայաստանում այս դիտորդները, որոնք ՆԱՏՕ-ի երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ են (առաքելության ղեկավարը Գերմանիայից է, նրա տեղակալը՝ Ֆրանսիայից), հետախույզներ են։ Նրանց հիմնական առաքելությունն այստեղ ռուսական ռազմական ներկայության մասին տեղեկություններ հավաքելն է։

Նրանց համար կարևոր է նաև հետախուզական գործունեությունը հայ-իրանական սահմանին, քանի որ Իրանը հավաքական Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավոր թիրախներից մեկն է։

Եթե հիշում եք, Հայաստանում ԵՄ առաքելությունը նախ հայտարարվեց 2 ամսով, հետո իշխանությունների առաջարկով երկարացվեց նրա մնալը և թվաքանակն ավելացավ։ Ավելին, 50 զրահամեքենաները, որոնք Ֆրանսիան ուղարկում է Հայաստան, ռազմական գործողությունների ժամանակ զրոյական կիրառություն ունեն։ Դրանք այստեղ են բերվել հատուկ եվրոպացի դիտորդների համար, որոնք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, կսկսեն պարեկել սահմանը։ Երբ եվրոպացի դիտորդները խոսում են անվտանգության բաղադրիչի մասին, պետք է հասկանալ, որ նրանք նկատի ունեն առաջին հերթին հետախուզությունը, բայց ոչ թե ի շահ մեր երկրի, այլ՝ նրա դեմ»,- հայտարարել է Նահապետյանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԵՄ   Ռուսաստան  


Լրահոս