Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակված իր հոդվածում գրում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Առաջինը, այստեղ հաստատվել է ռուսական հեգեմոնիա, և ՆԱՏՕ-ի համար խնդրահարույց է Ռուսաստանի հետ հակամարտության նոր օջախ ստեղծելը։ Հայաստանը պատերազմում է իր հարեւանների հետ, և ՆԱՏՕ-ն փորձում է խուսափել պատերազմական գոտիներ մտնելուց՝ նախընտրելով խաղաղ պայմաններում աշխատել երկրների հետ և դրանով իսկ կանխել պատերազմները։ Դրան հարկավոր է գումարել վատ ժողովրդավարական կառավարման և համատարած կոռուպցիայի հայկական բնութագրերը, որոնք ՆԱՏՕ-ն լուրջ խոչընդոտներ է համարում սառը պատերազմից հետո իր ընդլայնման համար:
Եթե ՆԱՏՕ-ն չի կարող ապահովել մեր անվտանգությունը, ապա պետք է հույս դնենք ՀԱՊԿ-ի վրա, որը նույնպես չի ցանկանում ապահովել մեր անվտանգությունը։ Նման երկընտրանքը հաճախ ներկայացվում է որպես անխուսափելիություն, Ռուսաստանի ազդեցության տակ մնալու, նրա քաղաքական թելադրանքին ու քմահաճույքին հետևելու ճակատագրական ընտրություն։
«Կամ/կամ» նման հարցը կաթվածահար է անում Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև քաղաքական համակարգը՝ տեղ բացելով այնպիսի անհեթեթությունների համար, ինչպիսիք են՝ «Պուտինը մեզ ինչ-որ պահի կփրկի» կամ «աշխարհի խաչմերուկը»։
Այս փակուղուց դուրս գալու համար պարզապես պետք է ավելի լայն նայել աշխարհին: Խնդիրն այն է, որ ռազմական և քաղաքական բլոկների առճակատման մեխանիզմը զուտ «սառը պատերազմի» մոտեցում է, որտեղ ձևավորվել է այս երկընտրանքը՝ «կամ ՆԱՏՕ, կամ Վարշավայի պայմանագրի կազմակերպություն (այժմ՝ ՀԱՊԿ)»։
Երկկողմ պայմանավորվածությունների հաջողության լավ օրինակ է Ադրբեջանը, որը կարողացավ օգտագործել անհրաժեշտ ռազմավարական պահը՝ առանց Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ֆորմալ եռակողմ դաշինք ստեղծելու, կարողացավ միավորել այդ երկրների շահերը և հասնել մեծ ռազմաքաղաքական հաջողությունների տարածաշրջանում»,- գրում է քաղաքագետը։
Zinvor.info