Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների 10-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։
Նախարարը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են երեք բարեկամ և հարևան երկրների միջև երկկողմ և եռակողմ ձևաչափերով հարաբերությունների և գործունեության զարգացման արդյունավետությունը, դրանց հետագա զարգացման հեռանկարները, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացները։ Քննարկվել են տարածաշրջանում կայունության ապահովման ուղիները, կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
«Քննարկումների ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության և համատեղ համագործակցության կարևորությունը։
Մասնավորապես, մենք նշեցինք, որ տարածաշրջանում ահաբեկչական և անջատողական գործողությունների շարունակությունն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, տնտեսական զարգացման և միջազգային նախագծերի անվտանգության համար, ինչպես նաև ընդգծեցինք տարածաշրջանից դուրս գտնվող երկրների՝ մեր տարածաշրջանում իրավիճակը սրելու փորձերի անընդունելիությունը։
Մեկ անգամ ևս ընդգծվեց հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա»,- ասել է Զաքիր Հասանովը։
Նախարարն հավելել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական գործի, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարների, տարբեր տեսակի համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունների և համագործակցության այլ հարցեր շուրջ։
«Մենք կարևորեցինք եռակողմ ձևաչափով անցկացվող վարժանքների և թրենինգների ինտենսիվացումը։ Նման համատեղ զորավարժությունների անցկացումը կնպաստի մեր զորամասերի միջև օպերատիվ համակարգման ապահովմանը, հիմք կստեղծի մեր եռակողմ գործողությունները նոր փուլ մտցնելու և արդյունքում տարածաշրջանային անվտանգության համար»,- ընդգծել է նախարարը։