Պետքարտուղարությունը մեկնաբանել է Ադրբեջանի շուրջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի գաղտնի բանակցությունները
Պետքարտուղարությունը մեկնաբանել է Ադրբեջանի շուրջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի գաղտնի բանակցությունները
11:46     05 10 2023    
Հերթական ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը պատասխանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող լրագրողների հարցերին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի կայքին, Պատելին խնդրել են մեկնաբանել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջև Ադրբեջանի շուրջ գաղտնի բանակցությունները։

«Նախ, ես չէի ասի, որ դա գաղտնի հանդիպում էր: Մենք բավականին կանոնավոր կերպով փոխգործակցում ենք տարածաշրջանի շահագրգիռ կողմերի հետ, և սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը կազմակերպվել էր հենց հրատապ հումանիտար խնդիրների լուծման և Ղարաբաղի բնակիչներին հնարավոր օգնություն ցուցաբերելու նպատակով: Հենց դրան էլ նվիրված էր այս հանդիպումը։ Բայց ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները դեռևս խորապես ներգրավված է իրավիճակում, և մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու կողմերին օգնելու գործին: Այս հանդիպումը կայացել է աշխատանքային մակարդակով։ Ես չեմ պատրաստվում մանրամասնել այն, ինչ արդեն շարադրել եմ:

Ընդհանուր առմամբ, իրավիճակը Ղարաբաղում շարունակում է խորը մտահոգություն առաջացնել մեզ մոտ։ Ես չէի ցանկանա անդրադառնալ որևէ կոնկրետ պահի։ Բայց մեզ, իհարկե, մտահոգում է վերջին ռազմական գործողություններին հաջորդած իրավիճակը, որի արդյունքում էթնիկ հայերի մի ստվար զանգված Ղարաբաղից մեկնել է Հայաստան, և մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին տեղում։ Իհարկե, մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել մարդասիրական հետևանքներին: Այդ իսկ պատճառով կայացավ այս հանդիպումը»,- ասել է Պատելը։

Հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է գնալ Գրանադա, Պատելը պատասխանել է. «Մենք գիտենք, որ նախագահ Ալիևը չի մասնակցելու Գրանադայում նախատեսված հանդիպմանը։ Եվ մենք հետևողականորեն հայտարարում ենք, որ այս երկարամյա հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Պետքարտուղարը և մյուսներն այստեղ շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել այս հարցում, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետքարտուղարություն   Ադրբեջան  


Լրահոս