Ադրբեջանի ԱԳՆ. Ֆրանսիան փորձում է Հայաստանին ներքաշել ռազմական արկածախնդրության մեջ
  Ադրբեջանի ԱԳՆ.  Ֆրանսիան փորձում է Հայաստանին ներքաշել ռազմական արկածախնդրության մեջ
15:15     04 10 2023    
Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի կողմից՝ հոկտեմբերի 3-ին Հայաստան կատարած այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

«Ֆրանսիան, որը շուրջ 30 տարի չէր կարևորում ադրբեջանցիների զանգվածային արտաքսումը իրենց հայրենի հողերից, նրանց դեմ պատերազմական հանցագործությունների և ջարդերի իրականացումը, այժմ առանց որևէ հիմքի և ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի,. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնախմբի և այլ միջազգային կազմակերպությունների դիրքորոշմանը հակառակ, փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը` պնդելով, թե իբր տարածաշրջանն ինքնակամ մեկնող հայ բնակիչները բռնի ուժով վտարվել են»,- նշել են ԱԳՆ-ում:

ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ֆրանսիան ամեն կերպ փորձում է զինել Հայաստանին և կրկին ներքաշել ագրեսիայի ու ռազմական արկածախնդրության մեջ, ինչն անընդունելի է։

«Ֆրանսիան պետք է հասկանա, որ այդ ջանքերը դատապարտված են ձախողման, ինչպես նաև մեր տարածաշրջանին միջամտելու բոլոր փորձերը։ Հայաստանին աջակցելու մասին Ֆրանսիայի հայտարարությունները, ինչպես նաև այն փաստը, որ նա հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի նախաձեռնողը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին շուրջ 30 տարվա ընթացքում նրա կողմից հնչեցված չեզոք միջնորդության մասին պնդումներն ամբողջովին անհիմն են։

Չնայած միջազգային կազմակերպությունների և Հայաստանի վարչապետի հաստատմանը, որ Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումները վտանգ չեն ներկայացրել հայ խաղաղ բնակիչների համար, ֆրանսիացի նախարարը հանցագործություն է անվանել Ադրբեջանի օրինական քայլն իր ինքնիշխան տարածքներում, ինչը կեղծ է և ցույց է տալիս, թե ինչպես է Ֆրանսիայի ապաշնորհ քաղաքականությունը տարածաշրջանը տանում դեպի փլուզում»,- ընդգծել են ԱԳՆ-ում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Ֆրանսիա  


Լրահոս