Իլհամ Ալիև. Ադրբեջանը աշխարհի ամենաշատ ականապատված երկրների տասնյակում է
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը աշխարհի ամենաշատ ականապատված երկրների տասնյակում է
14:26     05 07 2023    
Ներկայումս Ադրբեջանն աշխարհի ամենաշատ ականապատված երկրների տասնյակում է։ 2020 թվականի նոյեմբերին Հայրենական պատերազմի ավարտից ի վեր՝ շուրջ 300 ադրբեջանցիներ զոհվել կամ ծանր վիրավորվել են ականների պայթյունների հետևանքով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական նիստում։

«Ազատագրված տարածքներում ականի յուրաքանչյուր պայթյուն հանդիսանում է Հայաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների երկար ցանկի շարունակությունը։ Հայկական օկուպացիայի ևս մեկ բացասական հետևանքը ականներն են։ Ականների խնդիրը հանդիսանում է՝ Հայաստանի կողմից ադրբեջանական ժողովրդի հիմնարար մարդու իրավունքների խախտում»,- հավելել է պետության ղեկավարը։

Նախագահը նշել է, որ ականները դանդաղեցնում են՝ վերականգնման և նախկին հարկադիր վերաբնակների ազատագրված տարածքներ վերադարձի գործընթացը։ Սա նկատի ունենալով` Ադրբեջանը մարդասիրական ականազերծման համար սահմանել է Կայուն զարգացման առանձին ազգային նպատակ:

Պետության ղեկավարը նաև նշել է, որ Ադրբեջանն աջակցում է համաշխարհային մասշտաբով մարդասիրական ականազերծման ջանքերին և առաջարկ է ներկայացրել ականազերծման 18-րդ Կայուն զարգացման նպատակի մեկնարկի մասին։

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Չմիավորման շարժման անդամ երկրները կաջակցեն՝ ականներից տուժած համախոհ երկրների խումբ ստեղծելու իր առաջարկին, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի համաշխարհային մակարդակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս