ԱԳՆ. Ադրբեջանը համաձայնել է հանդիպել Բրյուսելում
  ԱԳՆ.  Ադրբեջանը համաձայնել է հանդիպել Բրյուսելում
15:32     11 05 2023    
Եվրոպական միության տարածած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 14-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում, իսկ հունիսի 1-ին՝ նախատեսվում է նրանց հանդիպումը Քիշնևում՝ հերթական գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, մեկնաբանելով այս տեղեկությունը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն նշել է, որ անցյալ տարի Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ մի քանի հանդիպումներ են անցկացվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

«Դեկտեմբերին հենց հայկական կողմը հրաժարվեց մասնակցել Բրյուսելում նույն ձևաչափով հանդիպմանը՝ դրանով իսկ խոչընդոտելով գործընթացին։ Ադրբեջանական կողմը համաձայնել է բրյուսելյան հանդիպմանը, որը չկայացավ անցյալ տարի և նախատեսվում է վերսկսել մայիսին՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։

Միաժամանակ առաջարկվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպում անցկացնել Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական նիստի շրջանակներում՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իր մասնակցությունը Քիշնևում ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավոր է պայմանով, որ բրյուսելյան ձևաչափը չփոխարինվի և չփոխվի։ Սակայն Քիշնևում կայանալիք հանդիպմանը մասնակցելու վերջնական պայմանավորվածություն դեռ չկա»,- ասել է Այխան Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս