Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարները հանդիպել են Բաքվում
 Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարները հանդիպել են Բաքվում
12:04     20 04 2023    
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, հանդիպմանը գոհունակություն է հայտնվել երկկողմ և բազմակողմ շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության ներկա մակարդակից, նշվել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իսրայելի Պետության հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու հաջող համագործակցության ընդլայնմանը։

Նախարարները մտքեր են փոխանակել քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացման հարցերի շուրջ, այդ թվում՝ էներգետիկայի, կրթության և հետազոտությունների, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, զբոսաշրջության, հումանիտար և շատ այլ ոլորտներում։ Բարձր է գնահատվել համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի նիստը նախօրեին կայացել է Բաքվում, վստահություն է հայտնվել, որ այն կնպաստի հարաբերությունների հետագա դիվերսիֆիկացմանը։

Խոսելով Ադրբեջանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև կապերի մասին, որոնք հիմնված են պատմական բարեկամության և համագործակցության վրա, Ջեյհուն Բայրամովը կարևորել է երկու երկրների միջև փոխայցելությունների և շփումների կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս