Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ապրիլի 19-ի հայտարարությունը։
«Հղում անելով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ 2023 թվականի ապրիլի 18-ին տված հարցազրույցին՝ մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի արտգործնախարարության հերթական խեղաթյուրված հայտարարությունը։ Հայաստանը, ներկայանալով որպես խաղաղասեր կողմ, որը գրեթե 30 տարվա օկուպացիայի ընթացքում ավերել է 9 քաղաք և հարյուրավոր գյուղեր, էթնիկ զտումներ է իրականացրել մոտ 1 միլիոն ադրբեջանցիների նկատմամբ, զրկել նրանց իրենց տները վերադառնալու իրավունքից, անտեսել է միջազգային կազմակերպությունների և գործընկերների՝ ադրբեջանական հողերի օկուպացիային վերջ դնելու կոչերը, հիմա Ադրբեջանին մեղադրում է էթնիկ զտումներ իրականացնելու մեջ, ինչը երեսպաշտություն և կեղծավորություն է։
Հայաստանը, որն անտեսում է միջազգային պարտավորությունները և նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, շարունակում է ռասայական ատելություն սերմանել Ադրբեջանի դեմ, ողջունում է ատելության հիման վրա գործող անհատների և ազգայնական խմբերի գործունեությունը, չի պատժում նման արարքները, վայրագություններ է իրականացրել ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ, իսկ վերջերս թույլ է տվել այրել Ադրբեջանի դրոշը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որևէ հիմք չունի պնդելու, թե Ադրբեջանը ատելության հողի վրա գործողություններ է կատարում։
Ադրբեջանական կողմը վճռականորեն տրամադրված է Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի վերաինտեգրման գործընթացում։ Հայկական կողմը պետք է հրաժարվի այս գործընթացին միջամտելուց: Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում երաշխավորված է յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը, ով ցանկանում է ապրել Ադրբեջանի տարածքում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից գերի ընկած ադրբեջանցի զինծառայողների՝ սպանություն կատարելու մեջ մեղադրվելը, որոնք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հայտնվել են Հայաստանի տարածքում և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների խախտմամբ ենթարկվել անմարդկային բռնությունների, հակասում է իրավունքի բոլոր նորմերին և սկզբունքներին»,- ասվում է հայտարարության մեջ։