Բայրամով. Որքան շուտ Հայաստանը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, այնքան լավ խաղաղ գործընթացի համար
  Բայրամով.  Որքան շուտ Հայաստանը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, այնքան լավ խաղաղ գործընթացի համար
15:20     28 02 2023    
Քննարկումների հենց սկզբից Հայաստանը մշտապես խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Արտգործնախարարը նշել է, որ իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Հայաստանի շարունակվող ոչ կառուցողական դիրքորոշման մասին։

«Ինչպես գիտեք, քննարկումների հենց սկզբից Հայաստանը մշտապես խոչընդոտել է համաձայնագրի ստորագրմանը։ Մենք տեսել ենք տարբեր խոչընդոտներ, որոնք հայկական կողմն անընդհատ ստեղծում էր այս գործընթացի շրջանակներում։ Հայկական կողմը նույնիսկ հրաժարվել է մասնակցել Ռուսաստանում խաղաղության պայմանագրի քննարկմանը»,- ասել է Բայրամովը։

Ընդ որում՝ նախարարի խոսքով, Ադրբեջանը, կենտրոնացած լինելով իրական արդյունքի վրա, փորձում է օգտագործել բոլոր հնարավորությունները խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացն առաջ մղելու համար։

«Որքան շուտ հայկական կողմը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, այնքան լավ կլինի խաղաղ գործընթացի համար»,- ընդգծել է Ջեյհուն Բայրամովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս