Վոլոդինը նախազգուշացրել է հայերին. եվրոպացիներին տարածաշրջան հրավիրելով՝ կարող եք կորցնել ողջ երկիրը
  Վոլոդինը նախազգուշացրել է հայերին.  եվրոպացիներին տարածաշրջան հրավիրելով՝ կարող եք կորցնել ողջ երկիրը
17:50     13 02 2023    
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, Պետդումայում տեղի է ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Պետդումայի պաշտոնական կայքին։

Հանդիպման ընթացքում Վոլոդինն ու Գաֆարովան համաձայնագիր են ստորագրել Պետդումայի և Միլլի Մեջլիսի միջև համագործակցության մասին։ Սա առաջին նման պայմանագիրն է Ադրբեջանի խորհրդարանի հետ։ Որոշում է կայացվել նաև ստեղծել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողով։

Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրի վրա։

«Եկեք ելնենք նրանից, որ կա որոշում՝ ընդունված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով։ Մենք առաջնորդվելու ենք դրանով և մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- ասել է Վյաչեսլավ Վոլոդինը։ - Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, պարզապես կարող են կորցնել երկիրը։

Նախքան Եվրախորհրդարանին դիմելը և այդ մարմնին ինչ-որ հարցերի լուծման մեջ ներքաշելը պետք է պատասխանել հետևյալ հարցին. ընդհանրապես Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է։ Նման օրինակ չկա։ Տեսեք, թե ինչ կատարվեց Ուկրաինայում, ինչ հայտարարություններ արեցին Գերմանիայի կանցլեր Մերկելը, իսկ հետո՝ Ֆրանսիայի նախագահ Օլանդը։ Ինչպես հիմա պարզվեց, նրանք մոլորեցնում էին ողջ աշխարհին, ստում էին և պատրաստվում պատերազմի։ Ուստի, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, նրանք պետք է տաս անգամ մտածեն և կշռադատեն, թե դա ինչով կարող է ավարտվել՝ դիտարկելով Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակը։ Ով ուզում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, պետք է ոչ միայն հեռու մնա այս քվազի- խորհրդարաններից՝ ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլև հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, նորանոր խնդիրներ կստեղծի։ Իսկ եթե դա անում են, ապա պետք է պատասխանատվության կրեն հետևանքների համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. Վոլոդին   Ադրբեջան  


Լրահոս