ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը կարող է միայն ողջունել Բաքու-Երևան-Թբիլիսի երկխոսությունը
  ՌԴ ԱԳՆ.  Ռուսաստանը կարող է միայն ողջունել Բաքու-Երևան-Թբիլիսի երկխոսությունը
17:41     10 02 2023    
Ռուսաստանը կարող է ողջունել՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսությունը, եթե այն նպաստի Կովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին ճեպազրույցում հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մոսկվան բազմիցս ասել է իր գործընկերներին, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցելու այն միջազգային ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաև հաշվի են առնում ուժերի առկա, ստեղծված հավասարակշռությունը, նշել է դիվանագետը։

«Եթե այս նախաձեռնության հետևում տեսանելի են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խաթարել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա սա բոլորովին այլ պատմություն է»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ հենց եռակողմ համաձայնագրերն են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը։ Այս ձևաչափի շրջանակներում 2020 թվականից սկսած առանցքային գործընթացներ են սկսվել՝ հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև կապերի հաստատման ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ռուսաստան  


Լրահոս