ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել Ադրբեջանի ականների խնդրին նվիրված միջոցառում
 ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել Ադրբեջանի ականների խնդրին նվիրված միջոցառում
10:07     27 01 2023    
2023 թվականի հունվարի 23-27-ը Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի շրջանակներում կազմակերպվել է «Մարդասիրական ականազերծում. ճանապարհ հարթելով դեպի խաղաղություն և կայուն զարգացում» խորագրով միջոցառում՝ նվիրված Ադրբեջանի առջև ծառացած ականների խնդրին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են ԵԽԽՎ անդամներ, Ստրասբուրգի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի քարտուղարության աշխատակիցներ և այլոք։ Հանդիպման նպատակն էր ընդգծել մարդասիրական ականազերծման գործողությունների կարևորությունը ներքին տեղահանվածների իրավունքների և անվտանգության ապահովման առումով, ինչպես նաև միջազգային ջանքերի անհրաժեշտությունը Ադրբեջանում ականազերծման գործընթացին աջակցելու համար:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը նշել է, որ Ադրբեջանը՝ լինելով ականներով ամենաշատ աղտոտված երկրներից մեկը, հետհակամարտային շրջանում շարունակում է բախվել այս լուրջ հումանիտար խնդրի հետևանքներին:

Նա ընդգծել է, որ ազատագրված տարածքների զանգվածային աղտոտումը ականներով խոչընդոտում է վերականգնողական և վերակառուցման լայնածավալ աշխատանքների ընթացքը, լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքին ու անվտանգությանը, և հետևաբար՝ հարյուր հազարավոր ներքին տեղահանվածների իրավունքների իրացմանը։

Սամեդ Սեյիդովի խոսքով, 2020 թվականի նոյեմբերին հակամարտության ավարտից հետո այդ տարածքներում ականների պայթյունի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 282 մարդ, ինչը վկայում է խնդրի լրջության մասին։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Ազատագրված տարածքների վերականգնման համակարգող շտաբի լիազոր ներկայացուցիչ Սուլթան Հաջիևը և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) միջազգային կապերի, կրթության և մամուլի բաժնի ղեկավար Ռամիլ Ազիզովը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Ադրբեջան  


Լրահոս