Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
 Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
11:30     24 01 2023    
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Յաշար Ալիևի նամակը՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, հրապարակվել է որպես Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, գլխավոր քարտուղարին ուղղված նամակում նշվում է, որ գրեթե 30 տարվա օկուպացիոն քաղաքականությունից հետո Հայաստանը պարտավոր է տեղեկացնել հազարավոր անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի մասին։

Այսպես, Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի արդյունքում անհետ կորել է Ադրբեջանի 3890 քաղաքացի, որից 719-ը՝ քաղաքացիական անձինք։

Յաշար Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ հայկական գերության մեջ գտնվող տասնյակ ադրբեջանցիներ մահացել կամ անհետացել են նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) այցից հետո։ Օկուպացված տարածքների ազատագրումից հետո հայտնաբերված զանգվածային գերեզմանները լույս են սփռում այն փաստի վրա, որ Հայաստանը միտումնավոր հալածել է այս հողերում բնակվող խաղաղ բնակիչներին:

«Միայն 2022 թվականին Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Ղարաբաղյան Առաջին պատերազմում անհայտ կորած համարվող 106 մարդու աճյունը։

Այն, որ Հայաստանը երեսուն տարի պահել է այդ աճյունները՝ հակառակ բարոյական բոլոր սկզբունքներին, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացահայտ անտեսելով մարդկանց իրավունքը՝ իմանալու իրենց հարազատների ճակատագրի մասին, չի կարող խորը վրդովմունք չառաջացնել»։

Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը «դեռ խուսափում է Ադրբեջանի ազատագրված տարածքներում զանգվածային թաղման վայրերի մասին տեղեկություններ տրամադրել»։ Նրա խոսքով, քանի որ Հայաստանը հրաժարվել է տրամադրել օկուպացիայի ժամանակ Ադրբեջանի տարածքում տեղադրած հարյուր հազարավոր ականների ամբողջական և ճշգրիտ քարտեզները, Ադրբեջանի որոնողական աշխատանքներին խոչընդոտում է ականային լուրջ վտանգը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Յաշար-Ալիև  


Լրահոս