Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին
09:10     23 01 2023    
«Ապակառուցողական գործողություններն ու հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը և առաջին հերթին ուղղված են Հայաստանի դեմ»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի արտահայտած կարծիքը։

«Հարցազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են ու անընդունելի», - նշել է Հաջիզադեն։

Ըստ ԱԳՆ ներկայացուցչի, Միրզոյանը քաջատեղյակ է, թե ինչպես բոլոր ջանքերով կանխվեց Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Թբիլիսիում նախատեսված հանդիպումը, որ Հայաստանը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի առաջարկներին, որը կառուցողականություն ցուցաբերելով՝ դեկտեմբերի սկզբից ներկայացրել է հնարավոր հանդիպման մասին հայտարարության նախագիծ:

«Ի պատասխան Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված մի շարք անհիմն պնդումների՝ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը։ Անվտանգության երաշխիքը ներառում է նաև Լաչինի ճանապարհի չարաշահումների կանխումը։

Հայաստանը, Լաչինի ճանապարհի չարաշահումը կանխելու փոխարեն, հակառակ եռակողմ հայտարարության՝ Լաչինի ճանապարհով նոր արտադրված ականներ է փոխադրում Ադրբեջանի տարածք, շարունակում է հայկական ուժերի մատակարարումը և ռոտացիան, որոնք դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, կազմակերպում է Ադրբեջանի տարածքում ապօրինի արդյունահանված բնական ռեսուրսների Հայաստան տեղափոխումը: Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանը շահագրգռված չէ կատարել իր պարտավորությունները, դեռ շարունակում է Ադրբեջանի նկատմամբ օկուպացիոն քաղաքականությունը և միջազգային իրավունքին հակասող գործողությունները։

Ընդհանրապես, նախարարի վերջին պնդումները, թե Լաչինի ճանապարհը իբր փակ է և հայ բնակիչները հումանիտար աջակցություն չեն ստանում, իսկ ավելի ուշ արված հայտարարությունը՝ որով Լաչինի ճանապարհով Հայաստանից վերադարձող դեռահաս երեխաների նկարահանումը որակվեց որպես ահաբեկման գործողություն ոչ այլ ինչ է, քան ոչ առողջ երևակայության արգասիք։ Հայկական կողմը քաջատեղյակ է ադրբեջանական կողմին աջակցության և օգնության համար դիմած հայ բնակիչների նկատմամբ դրական վերաբերմունքի մասին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս