Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, դեսպանը նախ շնորհավորել է Էկվադորի, Ճապոնիայի, Մալթայի, Մոզամբիկի և Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչներին՝ որոնք ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ։
Այնուհետև Յաշար Ալիևն անդրադարձել է ՄԱԿ-ի նպատակներին և նշել, որ կազմակերպությունը գործում է հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության, ինչպես նաև պատերազմների ու հումանիտար խնդիրների կանխարգելման։ Մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ ցավոք, ՄԱԿ-ին անդամակցության առաջին տարիներին Ադրբեջանը ենթարկվել է հայկական ագրեսիայի, որը հիմնված էր մոնոէթնիկ գաղափարախոսության վրա։
«Բայց այն ժամանակ Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգման շրջանակներում»,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը։
Դեսպանը մեկնաբանել է նաև հանդիպմանը Հայաստանի ներկայացուցչի հնչեցրած կեղծ մեղադրանքները:
«Պարադոքսալ է, որ Հայաստանը, որը ագրեսիա է սկսել Ադրբեջանի դեմ, գրեթե 30 տարի օկուպացիայի տակ է պահել նրա ինքնիշխան տարածքները, վարել է էթնիկ զտումների քաղաքականություն և իրականացրել պատերազմի ժամանակ աննախադեպ այլ հանցագործություններ, այժմ դիմում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին», - ասել է Յաշար Ալիևը: