Բայրամովը՝ Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում: «Ղարաբաղի հայերի շրջափակման մասին մեղադրանքներն անհիմն են»
  Բայրամովը՝ Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում:  «Ղարաբաղի հայերի շրջափակման մասին մեղադրանքներն անհիմն են»
11:30     11 01 2023    
Հունվարի 10-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ չնայած հետկոնֆլիկտային շրջանում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հետ կապված ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնություններին՝ գործընթացը մշտապես խաթարվել է Հայաստանի կողմից տարբեր սադրանքներով։ Մասնավորապես, շեշտը դրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտման վրա, այնպիսի փաստերի, ինչպիսիք են Լաչինի ճանապարհի օգտագործումը ռազմական սադրանքների նպատակով, այդ թվում՝ ականների տեղափոխման, ապօրինի տնտեսական գործունեության և բնական ռեսուրսների թալանի, երրորդ երկրների քաղաքացիների Ադրբեջանի տարածք անօրինական մուտքի համար։

Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների արդարացված պահանջները, ովքեր Լաչինի ճանապարհին բողոքի ակցիա են անցկացնում ադրբեջանական տարածքների գրեթե 30-ամյա օկուպացիայի ընթացքում իրականացված անօրինական գործողությունների դեմ, դեռ չեն կատարվել։

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ բոլորովին անհիմն են այն պնդումները, թե իբր Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու հետևանքով հայ բնակիչները հայտնվել են «շրջափակման մեջ», և տարածաշրջանում առաջացել է «մարդասիրական աղետ»։ Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ զորախմբի մեծ թվով մեքենաներ և մարդասիրական այլ մեքենաներ ամեն օր օգտվում են ճանապարհից։ Նախարարն ասել է, որ չնայած անհրաժեշտության դեպքում հայերին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին, այն անձինք, ովքեր ներկայանում են որպես տեղի հայերի ներկայացուցիչներ, դեմ են բնակչության կողմից ճանապարհի օգտագործմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Դոնֆրիդ  


Լրահոս