Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Մենք բազմիցս նշել ենք, որ երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները Հայաստանի կողմից չեն իրականացվել, մասնավորապես, հակառակ 4-րդ կետի՝ հայկական զինված ուժերը դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, հակառակ 6-րդ կետի՝ Լաչինի ճանապարհը օգտագործվում է ինչպես ռազմական սադրանքի, այնպես էլ անօրինական տնտեսական գործունեության համար, հակառակ 9-րդ կետի՝ խոչընդոտներ են ստեղծվում տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար։
Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհը փակելու և իբր այնտեղ ապրող հայ բնակիչների՝ հումանիտար ճգնաժամի վտանգի առջև կանգնելու մասին հայտարարություններին, նշենք, որ Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Ադրբեջանական կողմը պատրաստ է հոգալ մեր տարածքներում ապրող բոլոր հայ բնակիչների հումանիտար կարիքները, և հայկական կողմի պնդումները անհիմն են։
Շուշա-Լաչին ճանապարհին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան ադրբեջանական հասարակության արդարացի դժգոհության արդյունքն է, որի պատճառը ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում ապօրինի տնտեսական գործունեությունն է, բնական ռեսուրսների թալանը և շրջակա միջավայրին վնասի պատճառումը: