Հաջիևը պատասխանել է Գրիգորյանին: «Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը Ադրբեջանի ներքին գործն է»
  Հաջիևը պատասխանել է Գրիգորյանին:  «Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը Ադրբեջանի ներքին գործն է»
10:21     09 12 2022    
«Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման մասին հայտարարությունները սուտ են»։

Այս մասին Zinvor.info-յին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը՝ իբր Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ՝ Վաշինգտոնում պայմանավորվածության ձեռքբերման մասին։

Նա ցավով նշել է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից անցկացված քննարկումների էությունը միակողմանիորեն խեղաթյուրված է. «Հոկտեմբերի 13-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված իմ հարցազրույցում մանրամասն տեղեկատվություն է տրվել Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումների բովանդակության և բնույթի մասին։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ Վաշինգտոնում իբր ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարությունները կեղծ են։ Բանակցություններում որևէ հարցի քննարկումը չի նշանակում, որ այս հարցում պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որը կազմակերպել էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, մենք կրկնեցինք, որ Ադրբեջանը չի քննարկի Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը միջազգային որևէ գործընկերոջ հետ, դա մեր երկրի ներքին գործն է՝ ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա կարգավորվող, ազգային ինքնիշխանության հարցը, և միջազգային մեխանիզմի ստեղծման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ։ Հանդիպմանը ԱՄՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ հարգանք է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ»։

Հ.Հաջիևի խոսքով, Հայաստանի պաշտոնյաների ելույթը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վերաբերյալ նման հայտարարություններով, ի տարբերություն Պրահայում և Սոչիում ընդունված հայտարարությունների, դիտվում է որպես ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ.

«Այս և այլ հակասական հայտարարություններն ու անհարկի նոր տարրերը, որոնք վերջերս առաջ քաշվեցին հայ պաշտոնյաների կողմից, վկայում են հայկական կողմի մտադրության մասին՝ միտումնավոր խաթարել խաղաղ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները և ստեղծել միայն բանակցությունների իմիտացիա։ Խորհուրդ ենք տալիս հայկական կողմին հրաժարվել նման ապակառուցողական քաղաքականությունից, քաղաքական կամք ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար և լրջորեն մասնակցել խաղաղության պայմանագրի բանակցություններին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս