Ալիևը՝ Բլինքենին. Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները բացասաբար են անդրադառնում հարաբերությունների կարգավորման վրա
  Ալիևը՝ Բլինքենին.  Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները բացասաբար են անդրադառնում հարաբերությունների կարգավորման վրա
08:20     17 11 2022    
Նոյեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այս տարվա նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացել են խաղաղ պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական բանակցությունները, և Միացյալ Նահանգները մտադիր են նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքուն բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերն այդ ուղղությամբ։ Պետության ղեկավարը, սակայն, նշել է, որ, չնայած գործադրվող ջանքերին և այդ ուղղությամբ ընթացող բանակցություններին, Հայաստանի ղեկավարության կողմից վերջին օրերին արված հակասական հայտարարությունները բացասաբար են անդրադառնում երկու երկրների հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման վրա։

Էնթոնի Բլինքենը նշել է, որ սա պատմական հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար և ընդգծել, որ ԱՄՆ-ը կշարունակի ջանքերն այդ ուղղությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին և վստահության կառուցմանն ուղղված միջոցառումներին նվիրված հերթական հանդիպման անցկացման շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Բլինքեն  


Լրահոս