Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդան Պատելը` պատասխանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնի՝ հայ-ադրբեջանական սահման այցի արդյունքների մասին հարցին և այն մասին, թե ինչպես է այս այցը կապվում ԵԱՀԿ և ԵՄ առաքելությունների հետ:
«Ինչպես պետքարտուղարն արդեն նշել է, Միացյալ Նահանգները հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին իրենց հանձնառության մասին, և որ մենք կոչ ենք անում երկու առաջնորդներին՝ հանդիպել այնպիսի ձևաչափով, որն ընդունելի կլինի երկուսի համար։ Մեր տեսակետն այն է, որ ուղղակի երկխոսությունը առանցքային գործոն է հանդիսանում այս խնդիրների կարգավորման և կայուն խաղաղության հասնելու համար։ ԱՄՆ-ն աջակցում են Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանը և անկախությանը։ Մենք աջակցել ենք Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնմանը 1991 թվականին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Այս իրադարձությունը մտավ պատմության մեջ և այս երկրներից յուրաքանչյուրին իրավունք տվեց պաշտպանել սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը»,- ասել է Պատելը։