Պետդեպարտամենտ. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսությունը կայուն խաղաղության հասնելու բանալին է
  Պետդեպարտամենտ.  Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսությունը կայուն խաղաղության հասնելու բանալին է
18:06     26 10 2022    
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսությունը կայուն խաղաղության հասնելու բանալին է։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար հերթական եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հրավերը:

Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը հակված է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին։

«Մենք երկու ղեկավարներին էլ կոչ ենք արել հանդիպել իրենց հարմար ցանկացած ձևաչափով։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Այդ իսկ պատճառով պետքարտուղար Բլինկենը սեպտեմբերին Նյու Յորքում հավաքեց իր գործընկերներին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին»,- նշել է Ն. Փրայսը։

Ինչպես հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը, ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանն իրենք պետք է որոշեն, թե «արդյո՞ք նախագահ Պուտինի հրավերը օգտակար կլինի նրանց տևական խաղաղության հասնելու համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպարտամենտ   Ադրբեջան   Հայաստան