Ալիևի նամակը՝ Բայդենին: «ԱՄՆ-ը կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»
  Ալիևի նամակը՝ Բայդենին:  «ԱՄՆ-ը կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»
13:27     05 07 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը, նամակում ասվում է.

«Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցությունը, որն այսօր մի շարք կարևոր ոլորտներում բարձրացել է ռազմավարական գործընկերության մակարդակի, պայմաններ է ստեղծել նաև մեր քաղաքական կապերի ընդլայնման համար։ Մեր երկրների համագործակցությունը էներգետիկայի, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում, օրինակելի բնույթ է կրում։

Այն ժամանակ, երբ Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ձևավորվում կայուն խաղաղության հաստատման և տնտեսական առաջընթացի համար, մենք հավատում ենք, որ Միացյալ Նահանգները կարող են կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, միջանձնային կապերի հաստատման գործում։

Միևնույն ժամանակ կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող են արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա։

Այստեղ իրականացվող վերականգնողական և վերակառուցման աշխատանքների ամենամեծ խոչընդոտը մնում են Հայաստանի կողմից ազատագրված տարածքներում տեղադրված ականները։ Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ օգնությունը մեր երկրին ականազերծման գործում: Մենք մեծ հույսեր ենք կապում հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում անհայտ կորած մեր շուրջ 4000 հայրենակիցների ճակատագրի ճշտման հարցում ձեր երկրի աջակցության հետ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ