Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Սահակ Սահակյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի Ղարաբաղի մարզում ժամկետային զինծառայողներին կփոխարինեն պայմանագրայինները:
Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ սա Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքներ անօրինական ռազմական կազմավորումներ ուղարկելու հերթական խոստովանությունն է.
«Սա Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է։ Հիշեցնենք, որ սույն հայտարարության 4-րդ հոդվածի համաձայն՝ հայկական զինված ուժերը դուրս են բերվում ադրբեջանական տարածքներից և դրան զուգահեռ այնտեղ տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ:
Հայաստանի պաշտոնական անձանց այս հայտարարությունը ցույց է տալիս, որ խաղաղության մասին Հայաստանի խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն: Սա նաև Հայաստանի ագրեսիվ քաղաքականության ևս մեկ ակնհայտ դրսևորում է»: