Ալիև-Միշել. Բրյուսելում դեմառդեմ հանդիպում: Բանակցությունների մանրամասները- ՏԵՍԱՆՅՈՒԹ
  Ալիև-Միշել.  Բրյուսելում դեմառդեմ հանդիպում: Բանակցությունների մանրամասները-  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:12     23 05 2022    
Բրյուսելում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի երկկողմ հանդիպումը։

Zinvor.info-ի փոխանցմամբ, այսօր նախատեսված են նաև եռակողմ բանակցություններ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղումով, հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Շառլ Միշելի աջակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, տրանսպորտային միջանցքների բացմանը, սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը,

Նշելով, որ այս ձևաչափով հանդիպումն անցկացվում է արդեն երրորդ անգամ՝ Եվրամիության նախաձեռնությամբ և միջնորդությամբ, պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին՝ այս հանդիպումը կազմակերպելու համար։

Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Ադրբեջանը ներկայացրել է միջազգային իրավունքի վրա հիմնված 5 սկզբունք և ընդգծել, որ այդ սկզբունքներն առանցքային դեր են խաղում խաղաղության պայմանագրի պատրաստման գործում։

Պետության ղեկավարը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի շուտափույթ իրականացման հույս է հայտնել։
Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս տարվա ապրիլի 6-ին Ադրբեջանի, Հայաստանի և Եվրամիության միջև կայացած հանդիպումից հետո Ադրբեջանը որոշել է ապրիլի վերջին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելու աշխատանքային խմբի կազմը, ինչպես նաև՝ Սահմանների սահմանազատման ազգային հանձնաժողովի կազմը և պատրաստ է բանակցությունների այս ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ նշել է՝ ազատագրված տարածքներում ականների խնդրի և Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած համարվող շուրջ 4000 մարդու ճակատագրի պարզաբանման կարևորությունը։

Պետության ղեկավարը նշել է Հայաստանի կողմից նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու ԵՄ վճռականությունը, հայտարարել է միջնորդական ջանքերի շարունակման մասին և անդրադարձել այս ձևաչափով նախորդ հանդիպումների կարևորությանը։ Շառլ Միշելը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին՝ Բրյուսելում այս ձևաչափով հանդիպմանը մասնակցելու համար։

Հանդիպմանը մտքեր փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Միշել   Բրյուսել  


Լրահոս