Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները
 Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները
10:06     24 05 2022    
Մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Ինչպես հաղորդում է «Ազերթաջ»-ը՝ երկրի ղեկավարը իր զրուցակցին տեղեկացրել է նախօրեին Բրյուսելում Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև կայացած հանդիպման մասին։ Նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ, հատկապես՝ Բաքվի առաջարկած 5 սկզբունքներին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, տրանսպորտային միջանցքների բացմանը, սահմանների սահմանազատմանը։ Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները:

Միաժամանակ Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ արդեն կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով ստեղծելու մասին։

Նախագահ Իլհամ Ալիևը նաև նշել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ, այդ թվում՝ թե երկաթուղու, թե մայրուղու հարցով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, իր հերթին, բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպմանը ձեռք բերված դրական արդյունքները։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Էրդողան  


Լրահոս